«Ճշգրիտ ճարտարագիտությունը Հայաստանում» նախագծի մասին

Համաձայն «ՀՀ Արտահանմանը միտված արդյունաբերական ռազմավարության»՝ ճշգրիտ ճարտարագիտությունը, որն արդյունաբերության գիտելիքահենք ճյուղերից մեկն է, առանձնացվում է որպես արտահանման առավել մեծ պոտենցիալով օժտված ուղղություն ու տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ:

Ճշգրիտ ճարտարագիտության այս ներուժը պայմանավորված է այն առանցքային դերակատարությամբ, որը վերջինս ունեցել է արդյունաբերական արտադրության մեջ ԽՍՀՄ-ի տարիներին: Իր ծաղկման գագաթնակետին ոլորտում զբաղված էր 29.500 հոգի՝ ապահովելով ԽՍՀՄ արդյունաբերական արտադրության 30%-ը և ծառայելով որպես գերազանցության կենտրոն: Այսպիսով, ուշադրության սևեռումը ճշգրիտ ճարտարագիտության ու տեխնոլոգիատար ուղղությունների վրա խոստումնալից է ինչպես Հայաստանի տնտեսության զարգացման, այնպես էլ երկրի միջազգային հեղինակության տեսանկյունից:

Այնուամենայնիվ, անկախության հռչակումից հետո ոլորտն անկում ապրեց և այսօր, զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը էկոհամակարգի տարբեր շահառուներին միավորող ցանցի բացակայությունն է: Ոլորտի զարգացմանը, հատկապես կնպաստի առցանց հարթակի գործունեությունը, որտեղ ընկերությունները, կառույցները, լաբորատորիաները կկարողանան ներկայացնել իրենց գործունեությունը, գնահատել ճշգրիտ ճարտարագիտության էկոհամակարգը, ծանոթանալ նոր հնարավորություններին, որոնք առաջ են գալիս ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ:

Այսպիսով, «Ճշգրիտ ճարտարագիտությունը Հայաստանում» նախագիծը «Աջակցության ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասը դարձավ՝ նպատակ հետապնդելով հաղթահարել նշված ոլորտում առկա մարտահրավերները: Ճշգրիտ ճարտարագիտության զարգացումը խոչընդոտող հանգամանքները և մարտահրավերները վերհանելուց հետո, հաջորդ փուլը ոլորտի ուսումնասիրությունն էր, որը ներառում էր ոլորտի գրեթե բոլոր համապատասխան ընկերությունների քարտեզագրումը. առանձնացվեցին մոտ 200 ընկերություններ, որոնց վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ: Համեմատության համար նշենք, որ. 2003թ-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հրապարակված «Ճշգրիտ ճարտարապետության ոլորտը Հայաստանում» զեկույցում առանձնացվել էր շուրջ 30 ընկերություն, որտեղ աշխատում էր 4,300 հոգի:

Տվյալների այս ընդարձակ բազայի օգնությամբ ոչ միայն բարելավվեց հաղորդակցությունն ու համագործակցությունը, այլև ոլորտի առավել լայն ներկայացվածության միջոցով միջազգային կազմակերպություններին ու պոտենցիալ պատվիրատուներին հնարավորություն ընձեռվեց ձեռք բերել ավելի խորքային, համապարփակ պատկերացում ոլորտի վերաբերյալ: «Աջակցութուն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը EU4Business «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (www.eu4business.eu) և EU4Innovation «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մասն է կազմում: